22/11/2023
«Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայում» «Իտալական խոհանոցի օրեր» միջոցառման շրջանակում երկրորդ տարին անընդմեջ անցկացվել է իտալացի խոհարարների և ուսանողների վարպետության դասի և փորձի փոխանակման ծրագիրը։ Առաջին անգամ այն իրականացվել էր 2022 թվականի դեկտեմբերին:
Նոյեմբերի 17-ին «Երեմյան Ակադեմիան» հյուրընկալել էր Իտալիայի Վիտտորիո Վենետոյի անվան «Ալֆրեդո Բելտրամե» հյուրանոցային եւ ռեստորանային սպասարկման պետական մասնագիտական ինստիտուտի պրոֆեսորներ Դոմենիկո Անդոլֆատոյին, Տուլլիո Մարչիին, Լետիցիա Կավալլինիին եւ ինստիտուտի ուսանողներին։ Այս տարվա միջոցառման խորագիրն էր՝ «Իտալական խոհանոցի սեղանի շուրջ. համը որպես առողջության գրավական»։
Նախաձեռնության նպատակն է ներկայացնել Հայաստանի եւ Իտալիայի խոհարարական մշակույթների առանձնահատկությունները, ոլորտային մասնագիտական կրթական հաստատությունների փորձն ու մոտեցումները, կիսվել արժեքավոր գիտելիքներով եւ հմտություններով։