20/12/2024
Աշխատանքը սկսում է երազանքից․ ահա այս կարգախոսով են Երեմյան ընկերությունների խմբի 2500 աշխատակիցները սկսում իրենց յուրաքանչյուր աշխատանքային օրը։ Շուրջ երկու տասնյակ ռեստորաններից մինչև կաթնամթերքի գործարան, Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայից մինչև առաքման և քեյթրինգի ծառայություններ, Տաշիրում տեղակայված ֆերմայից մինչև Սիզընս այգի ու ֆիրմային խանութներ․ մեր պրոֆեսիոնալ մեծ թիմ-ընտանիքում գիտեն՝ ամեն օր ստեղծում են որակ, արժեք և փոփոխություն։ Մեր հաջողության գրավականը թիմային աշխատանքն է․ միասին կառուցում ենք, միասին հաղթում ենք։
Ընկերությունների թիմն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ինչպես պրոֆեսիոնալիզմին, այնպես էլ թիմում առողջ մթնոլորտի և ամուր գործընկերային կապերի մշտական զարգացմանը։ Դրանց են ուղղված եղել այս տարվա ընթացքում անցկացված 50-ից ավելի թիմային միջոցառումները՝ ինտելեկտուալ մրցաշարեր, ցանցային մրցույթներ, հավաք-հանդիպումներ, թիմբիլդինգներ։
Օրերս այդպիսի մի թիմբիլդինգ անցկացվեց Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայում։ Լուսանկարներում դուք տեսնում եք մեր թիմակիցների ժպիտներն ու ոգևորությունը։ Հաշվապահը, դիզայները, հանրային կապերի մասնագետը, մարդկային ռեսուրսների կառավարման մենեջերը և տարբեր մասնագիտությունների մեր գործընկերները փորձում են իրենց խոհանոցում, զգում այն արվեստն ու համերի հրավառությունը, որով դեռևս 20 տարի առաջ իր գործունեությունը սկսեց Երեմյան ընկերությունների խումբը։ Մեր աշխատակիցները հպարտությամբ են կրում մեր պատմությունը, ժառանգությունն ու արժեքները։
Եվ բնավ պատահական չէ, որ նմանատիպ միջոցառումները հաճախ անցկացվում են հենց Ակադեմիայում․ չէ որ այն կրթական հաստատություն լինելուց զատ՝ նաև խոհարարական արվեստին հաղորդակից դառնալու հարթակ է, որտեղ մարդիկ գտնում են իրենց ներդաշնակությունը, կոչումը, տաղանդը։ Հատկանշական է, որ Ակադեմիայում այս տարի վերապատրաստվել է ընկերությունների խմբի ավելի քան 270 աշխատակից։
Այս վերապատրաստումների արդյունքում նրանցից շատերը գրանցել են կարիերայի աճ։ Այս տարի աշխատակիցների առնվազն 10 տոկոսը ունեցել է մասնագիտական վերելք։
Երեմյան ընկերությունների խմբի պատմությունը կերտում են սիրո, հոգատարության, աշխատասիրության ու նվիրվածության արժեքները կրող մարդիկ։ Այնտեղ, որտեղ տաղանդը հանդիպում է թիմային աշխատանքին, հրաշքներ հաճախ են տեղի ունենում։
Գերազանցությունը և փոխվստահությունը որպես չափանիշ ունենալով՝ մենք գիտենք, որ առողջ թիմերում են ծնվում մեծ չեմպիոնները։
Սիրելի երեմյանական թիմ,
Շնորհակալություն ձեր նվիրման և աշխատանքի համար։
Հաջողությունը թիմային աշխատանք է, և մենք լավագույնն ենք դրանում։